Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի (PAN.am)

Դատարանը վերադարձրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» համակարգից։

Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու համար մի քանի թերություն է արձանագրել։ Մասնավորապես, հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը և նրա հաշվառման վայրի հասցեն։ Բացի այդ, հայցադիմումի ու դրան կցված փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով, հայտնում է Sputnik Արմենիան:

«Սակայն ավելի քան ակնհայտ փաստ է, որ պատասխանողի հաշվառման հասցեն միաժամանակ չի հանդիսանում վերջինիս փաստացի բնակության և ծանուցման հասցե: Հետևաբար ստացվում է, որ հայցադիմումում չի նշվել նաև ծանուցման հասցեն, իսկ ներկայացված անդորրագիրը չի կարող հանդիսանալ հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը հավաստող պատշաճ ապացույց»,– արձանագրել է դատարանը։

Դատարանը նաև ոչ հստակ ու ոչ որոշակի է համարել Դրմեյանի ներկայացրած հայցապահանջը։ Նա պահանջել է Փաշինյանին պարտավորեցնել «նույն եղանակով և նույն հանրայնությամբ հրապարակայնորեն հերքել» հայցի 3.1 կետի «ա»-ից «թ» ենթակետերում նշված տեղեկությունները։ Դատարանը գնահատել է, որ այդ ձևակերպումից բավարար հստակությամբ հասկանալի չէ, թե կոնկրետ որ տեղեկությունների հերքումն է պահանջվել։ Միաժամանակ դատարանն ընդգծել է, որ իրավասություն չունի հայցվորի փոխարեն ընտրելու կամ ձևակերպելու հայցապահանջը։

Դրմեյանը դատարան է դիմել՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։

Հուլիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին՝ նա ասել է, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ-ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարչապետի հայտարարությանը ընթացք է տրվել։

Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարություններ։ Դրմեյանը սկզբնական հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել հետագայում նման պահանջ ավելացնելու հնարավորությունը։

Leave a Comment