Նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը, նոր գներով, կմեկնարկի աշնանը

Աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են Եվրոպական Միության գործող ամենաբարձր չափանիշներին. այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Կենսաչափական նոր անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։

Նույնականացման քարտ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, ընդ որում՝ նոր օրենքով 16 տարեկանից սկսած այս փաստաթուղթը դառնալու է պարտադիր։ Միաժամանակ, նոր անձնագիր ձեռք բերելու համար պայման է հանդիսանալու նույնականացման քարտ ունենալը։ Քաղաքացիներն ազատ են կամավոր փոխարինելու գործող հին նմուշի փաստաթղթերը նորերով՝ անկախ դրանց գործողության ժամկետից, սակայն հին նմուշի փաստաթղթերի տպագրությունը դադարեցվելու է, և հետագայում փոխարինման կամ կորստի դեպքում տրամադրվելու են միայն նորերը։

Փաստաթղթերը ստանդարտ կարգով տրամադրվելու են դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաջին փուլում գործելու է մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ, ինչը միտված է ապահովելու հանրային ծառայությունների մատուցման նոր որակ և չափանիշներ։

Բացի կենսաչափական համակարգից, երկրում իրականացվում են բնակչության պետական ռեգիստրի բարեփոխումներ, որոնց օրենսդրական փաթեթն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Այս տարվա նոյեմբերի 1-ից կթվայնացվեն կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները, իսկ 2027-ի հունվարի 1-ից ամբողջովին կթվայնացվի քաղաքացիության համար դիմելու գործընթացը՝ ամբողջացնելով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։

Leave a Comment