Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին կատարած…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով նրա ներգրավվածությունն անվտանգության օրակարգում և խաղաղության հաստատման գործընթացում։
«Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին՝ Փաշինյանը նշել է, որ նա ևս ներգրավված է եղել կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործընթացում։
«Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»,- ասել է վարչապետը։
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ աշխատանքի համար, շնորհավորել Ալեն Սիմոնյանին և հաջողություն մաղթել նրան։
Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, իսկ Արմեն Գրիգորյանին՝ կատարած աշխատանքի համար։
«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից, ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»,- դիմելով աշխատակազմին՝ ասել է Սիմոնյանը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ առաջիկայում պետք է վերլուծվի նախորդ շրջանի աշխատանքը և որոշվեն այն առաջնահերթությունները, որոնց վրա պետք է կենտրոնանան ԱԽ քարտուղարն ու գրասենյակը։
«Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասել է վարչապետը։