Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան և բանաստեղծ Լաչին Ստեփանյանը

Հարյուր տարեկանում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան և բանաստեղծ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը, հայտնել է Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահի տեղակալ Ելենա Շուվաևան։

Ստեփանյանը ծնվել էր 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում նա 16 տարեկան էր և, չսպասելով զորակոչին, հոր հետևից կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Նա մարտական ուղի էր անցել Կովկասից մինչև Պրահա, ծառայել Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։ Մարտական ծառայության համար Ստեփանյանն արժանացել էր Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար» և այլ մեդալների։

Ստեփանյանը բանաստեղծություններ սկսել էր գրել 1943 թվականին՝ ռազմաճակատում։ Նրա ստեղծագործությունները նվիրված էին պատերազմի հիշողությանը, հայրենիքին, մորը, հարազատ հողին և հաղթանակի գնին։

2025 թվականին հրատարակվել էր Ստեփանյանի «Իմ ժամանակը, իմ հաղթանակը. ճակատայինի բանաստեղծություններ» ժողովածուն՝ «ԴԻԱԼՈԳ» գրքային շարքի 11-րդ թողարկումը։ Գրքում ներկայացված են հեղինակի հայերեն բանաստեղծություններն ու դրանց ռուսերեն թարգմանությունները, այդ թվում՝ պատերազմի տարիներին գրված ստեղծագործությունները։ 99 տարեկանում Ստեփանյանը դարձել էր Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան գրողների միջազգային միության պատվավոր անդամ։

«Արմենպրես»-ի տվյալներով՝ 2025 թվականի մայիսի դրությամբ Հայաստանում բնակվում էր Հայրենական մեծ պատերազմի շուրջ 30 վետերան։ Ավելի թարմ պաշտոնական տվյալներ նրանց ընդհանուր թվի վերաբերյալ չեն հրապարակվել։

Կարդացեք նաև՝

Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում

Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

Leave a Comment