Կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից. կաթնամթերք արտադրողները տուգանվել են

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։ Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։

«Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15% և 25.5%, 18%, 1%, 0.9% այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։ 

Դրանք են՝

«Մոտկոր» անվանումով, «Ամասիա» ապրանքային նշանով՝ «Չանախ» անվանումով, «Tasty Cheese» ապրանքային նշանով, «ԱԹ-ԱՌԱՏ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով, 

«EJMIATSIN Kat» ապրանքային նշանով, «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։ 

Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են»,- նշված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment