Իրանի «Բասիջ» կիսառազմական ուժերի վերջերս նշանակված ղեկավար Հոսեյն Թայեբը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է «Իրանի վերահսկողության և կառավարման ներքո»։ Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից մեկ օր անց, թե Միացյալ Նահանգները «ամբողջական վերահսկողությունը» ունի նեղուղում։
Թայեբի խոսքով՝ ԱՄՆ-ը փորձել է Հորմուզի նեղուցում հերթական պատերազմը սկսելով թուլացնել Իրանի, իր բնորոշմամբ, ժողովրդականությունը տարածաշրջանում, սակայն կրկին պարտվել է՝ չնայած այն պնդումներին, թե Իրանը չունի ո՛չ ռազմաօդային ուժեր, ո՛չ էլ նավատորմ։
«Այսօր դուք տեսնում եք, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության կառավարման և վերահսկողության ներքո»,- Թայեբի խոսքերը մեջբերել է կիսապաշտոնական Fars գործակալությունը։ Նա հավելել է, որ Իրանը շարունակում է իր ուղին լիակատար անվտանգության պայմաններում։
Պատերազմի սկսվելուց հետո, որը մեկնարկել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով, Թեհրանը փաստացի փակել է նեղուցը։ Նախկինում աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մոտ մեկ հինգերորդը տեղափոխվում էր հենց այս նեղուցով։
Այնուհետև ԱՄՆ-ը Իրանի նավահանգիստների և նավագնացության նկատմամբ ծովային շրջափակում է սահմանել՝ միաժամանակ հայտարարելով, որ կպաշտպանի Իրանի հետ կապ չունեցող նավահանգիստներ գնացող և այնտեղից վերադարձող նավերի ազատ նավարկությունը։
