ԱՄՆ զինված ուժերը պատերազմի մեկնարկից ի վեր կորցրել են առնվազն 45 MQ-9 Reaper հարվածային-հետախուզական անօդաչու, ինչը կազմում է ամերիկյան այդ սարքերի ընդհանուր պարկի մոտ 25%-ը։
Հրատարակության տվյալներով՝ մեկ MQ-9 Reaper-ի արժեքը, կախված տեղադրված սարքավորումներից և սպառազինությունից, կազմում է 30-50 միլիոն դոլար։ Այսպիսով, կորցրած անօդաչուների ընդհանուր արժեքը գերազանցում է 1,3 միլիարդ դոլարը։
Նշվում է, որ Reaper-ները ակտիվորեն կիրառվել են Հորմուզի նեղուցի շրջանում, սակայն դրանց համեմատաբար ցածր արագությունն ու փոքր բարձրությունների վրա աշխատանքը դրանք դարձրել են իրանական զինուժի, ինչպես նաև Թեհրանի աջակցությունը վայելող՝ Եմենում և Իրաքում գործող խմբավորումների համար «համեմատաբար հեշտ թիրախներ»։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ կորցրած բոլոր անօդաչուները չեն խոցվել․ դրանց մի մասը կործանվել է օպերատորների հետ կապի կորստից հետո։
Հակամարտության մեկնարկից առաջ ԱՄՆ-ն ուներ մոտ 185 MQ-9 Reaper, որոնցից 165-ը գտնվում էին ռազմաօդային ուժերի, իսկ 20-ը՝ ծովային հետևակի կորպուսի տրամադրության տակ։ Այս թվերում ներառված չեն ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից օգտագործվող սարքերը։
Միաժամանակ, The Washington Post-ի տվյալներով, Պենտագոնը արդեն աստիճանաբար դուրս է բերում MQ-9 Reaper-ները շահագործումից՝ դրանք փոխարինելով ավելի էժան հարվածային-հետախուզական անօդաչուներով, որոնք կարող են գործել երամներով։
