12 տարի օտար խնամակալի տանն ապրելուց հետո Արմենը կարող է հայտնվել փողոցում

65-ամյա Օրբելի Սարգսյանը 12 տարի խնամում է Արմեն Գրիգորյանցին: Արմենի ընտանիքի հետ  նա ծանոթացել է տարիներ առաջ, երբ Օրբելիի քույրը ժամանակին աշխատել է Արմենի պապի հետ։ Արմենի պապը՝ Օնիկ Հովսեփի Մադոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (նախկինում՝ «Զոովետ»՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ»֊ի ռեկտորն էր։ Այդ ծանոթության շնորհիվ Արմենն օգնության համար դիմել է Օրբելիին։

Երբ ծանոթությունից երկար տարիներ հետո Արմենը եկել է Օրբելի Սարգսյանի մոտ, նա դժվարությամբ է ճանաչել Արմենին։ Անխնամ ու ծերացած տեսք է ունեցել։ Արմենը պատմել է, որ ամիսներ շարունակ Վանաձորում հարազատներն իրեն պահել են մեկուսացված, հետո ստիպել են Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի առուվաճառքի փաստաթղթեր ստորագրել։ 

Արմեն Գրիգորյանցի խոսքով՝ բնակարանը, որը պապից ժառանգություն է մնացել, ձևակերպել է հարազատների անունով՝ հավատալով, որ դա ժամանակավոր է։ Նա պնդում է, որ իրեն վստահեցրել են՝ գործարքը ձևական է, և բնակարանը հետագայում կվերադարձվի իրեն։

2009թ․ մայիսի 6-ին կնքվել է առուվաճառքի պայմանագիր և Երևան քաղաքի Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի 117․4 քմ բնակարանն իբր վաճառվել է մոտ 37 մլն դրամով։ Պայմանագրում նշված է, որ վաճառողը ստացել է ամբողջ գումարը։ Սակայն Արմեն Գրիգորյանցը պնդում է, որ  գումար չի ստացել։ Նրա խոսքով՝ նոտար Էմմա Շաբոյանի մոտ հաստատել է գումարի ստացումը, քանի որ հարազատներն  իրեն սպառնացել են։

«Ինձ ասեցին՝ ֆիկտիվ վաճառք են անում, վտանգն անցնի, նորից գցենք քո վրա, հետո հարցրի, ասի ֆիկտիվ վաճա՞ռք էր, ասեցին՝ չէ, ինչ ֆիկտիվ։ Ասեցին՝ գյուլելու ենք քեզ, եթե նոտարում ասիր՝ փողը չեն տվել ինձ, նոտարը, որ հարցնի փողը տվել են, կասես հա։ Ասել եմ՝ հա ու գրել եմ՝ գումարը ստացա ամբողջությամբ, 98 000 դոլար, բայց ոչ մի կոպեկ փող չեն տվել իրենք»,- պատմում է Արմենը։ 

Գործարքի հեղինակներն, ըստ Արմենի, իր պապի քրոջ դուստրն ու ամուսինն են։ Երկուսն էլ մահացել են, որից հետո Երևանի Կորյունի փողոց 1-ին նրբանցքում գտնվող բնակարանի սեփականատեր են դարձել նրանց  որդիները՝ Ա. Ա.-ը և Հ. Ա.-ը։

Արմեն Գրիգորյանցը պատմում է, որ մի քանի անգամ փորձել է բանակցել իր բնակարանի սեփականատեր դարձած հարազատների հետ՝ առաջարկելով, որ վերադարձնեն բնակարանի արժեքի մի մասը, որպեսզի կարողանա իր համար տուն ձեռք բերել, սակայն հարազատները համաձայնության չեն եկել։ Վերջին անգամ Կորյունի փողոցի տուն Արմենն այցելել է մեկ տարի առաջ, սակայն տան դուռը չեն բացել։

53-ամյա Արմեն Գրիգորյանցն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Նա այդ հիմքով 1991 թվականին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, զինգրքույկում այդ մասին գրառում կա։ Արմենը տարիներ շարունակ ստացիոնար բուժում է ստացել։ Բժշկական փորձագիտական եզրակացություններով, ամբուլատոր քարտերում կատարված գրառումներով հաստատվել է նրա առողջական վիճակը։

Դատարանը նրան ճանաչել է անգործունակ։ Իսկ 2017թ.-ին Արմեն Գրիգորյանցի խնամակալ է նշանակվել Օ. Սարգսյանը։

Օրբելի Սարգսյանն ասում է, որ այս տարիների ընթացքում հոգ է տարել Արմենի մասին, բայց դրա համար չի ստացել պետական որևէ աջակցություն։ Արմենը ստանում է հաշմանդամության թոշակ, սակայն, նրա խոսքով, դա բավարար չէ ինքնուրույն ապրելու համար։ 

Ուշագրավ էր, որ Մեծամորի համայնքապետարանը միայն մեր այցից հետո է տնայց կատարել՝ Արմենի ու Օրբելիի կենցաղային պայամանները տեսնելու համար, իսկ Ակնալիճ գյուղի վարչական ղեկավար Շողիկ Մուրադյանն ընդհանրապես չգիտեր, որ գյուղում նման մարդ է ապրում։

2019թ․-ին Օրբելի Սարգսյանը՝ որպես Արմենի խնամակալ, դիմել է դատարան՝ ընդդեմ Նոտարական պալատի՝ պահանջելով անվավեր ճանաչել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անվավերության հետևանքներ կիրառել։ Սակայն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, 2024թ․ մարտի 6-ին հայցը մերժել է։ Դատարանը նշել է, որ եթե գործունակ քաղաքացին որոշ դեպքերում չի կարողանում լիովին գիտակցել իր գործողությունների բովանդակությունն ու նշանակությունը կամ ղեկավարել դրանք, դեռ չի նշանակում, որ նա բոլոր դեպքերում բացարձակապես անկարող է դա անել։ Հետևաբար, ներկայացված բժշկական փաստաթղթերը (ամբուլատոր և ստացիոնար բուժման պատմությունների քաղվածքները), փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև այն փաստը, որ հետագայում Արմեն Գրիգորյանցը ճանաչվել է անգործունակ, ինքնին չեն ապացուցում, որ վիճարկվող գործարքը կնքելու պահին նա չէր գիտակցում իր գործողության նշանակությունը կամ չէր կարող ղեկավարել այն։ Ավելին նշված քաղվածքները վերաբերում են 2012-2018 թվականներին, մինչդեռ վիճելի գործարքը կնքվել է 2009թ․։ 

Անտեսվել է այն հանգամանքը, որ Արմենը մանկուց է ունեցել այդ հիվանդությունը, հետևաբար նաև գործարքը կնքելու ժամանակ։ Ներկայացվել է նաև վերաքննիչ բողոք, ինչը նույնպես մերժվել է։

Օրբելի Սարգսյանն ասում է, որ այլևս չի կարողանում խնամել Արմենին։ Նրա խոսքով՝ ցանկանում է վաճառել տունը և տեղափոխվել արտերկրում բնակվող որդու մոտ, քանի որ դստեր մահից հետո պարտքեր է կուտակել, պետք է մարել դրանք։

Մինչ այդ, Օրբելին ցանկանում է, որ լուծվի նաև Արմեն Գրիգորյանցի կացարանի հարցը, որ նա դրսում չմնա։ Արդեն քննարկվում է Արմենին պետական որևէ խնամքի հաստատությունում տեղավորելու հարցը։ Արմենը չի ցանկանում խնամքի հաստատություն տեղափոխվել, ասում է՝ իրեն ավելի լավ է Օրբելիի հետ ապրելը, սակայն, երբ հանդարտվում է, համաձայնում է նաև դրան։

«Քանի տարի պահել եմ, մեղքս գալով, ուրիշ բան չկա, ես անշահախնդիր իրան պահել եմ։ Դե, եկել է ժամանակ, արդեն ես էլ ի վիճակի չեմ, երեխա եմ կորցրել, արտասահմանից բերել եմ, ահագին պարտքերի հարց կա, էդ հարցը պիտի լուծենք։ Արմենին չեմ կարա դրսում թողնեմ։ Չեմ կարա նաև ես էդքան էփեմ, թափեմ, լվանամ։ Էդ ինձ համար արդեն ծանր ա, հոգնել եմ, հա՛մ հոգեպես, հա՛մ ֆիզիկապես»,- ասում է Օրբելի Սարգսյանը։ 

Իսկ մինչ այդ Արմեն Գրիգորյանցը շարունակում է ապրել Օրբելի Սարգսյանի տանը։ Նրա ամեն նախադասությունն ավարտվում է իր տունը հետ բերելու խնդրանքով։ Վերջինս ակնկալում է, որ իրավապահ մարմինները կուսումնասիրեն բնակարանի օտարման հանգամանքները, և կբացահայտվեն կեղծիքները։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment