Լիբանանյան «Յունիուզ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանը Դամասկոսին և տարածաշրջանի մի շարք մայրաքաղաքներին նախազգուշացրել է Լիբանանում Սիրիայի հնարավոր ռազմական միջամտության հետևանքների մասին։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը ուղիղ և կտրուկ ուղերձներ է փոխանցել Սիրիային, ինչպես նաև Անկարային, Բաղդադին, Դոհային և Ռիադին՝ հայտարարելով, որ Սիրիայի կողմից «Հեզբոլլահի դեմ ցանկացած ռազմական գործողություն» կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային առճակատման։
Հաղորդվում է, որ նախազգուշացումը Դամասկոսին փոխանցվել է Թուրքիայի միջոցով։ Իրանը, ըստ «Յունիուզի», հայտարարել է, որ Սիրիայի ռազմական միջամտության դեպքում կարող է հրթիռային հարվածներ հասցնել ավելի քան 100 ռազմավարական թիրախների։
Նշված թիրախների թվում, ըստ նույն հաղորդման, կարող է լինել նաև Սիրիայի նախագահի պալատը։
Միևնույն ժամանակ, այս տեղեկությունները ներկայացվել են որպես լիբանանյան լրատվամիջոցի հաղորդում և այս փուլում չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից։
