ՔԿ-ն հայտնել է ավելի քան 38,6 մլն դրամի կիբերհափշտակության դեպքի մասին – armeniatoday.am

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է կեղծ էլեկտրոնային հղումների միջոցով 97 անձից ավելի քան 38,6 մլն դրամ հափշտակելու գործով նախաքննությունն ավարտելու մասին՝ մեկ մեղադրյալ մասով։

ՔԿ տվյալներով՝ Ա․ Զ․-ն 2022 թվականի մայիսից մինչև 2024 թվականի մայիսը հանցավոր կազմակերպության կազմում List.am կայքում հայտարարություններ տեղադրած անձանց հետ կապ է հաստատել WhatsApp-ով՝ ներկայանալով որպես գնորդ կամ ծառայության պատվիրատու։ Նա 97 անձի բանկային քարտերից կեղծ հղումների միջոցով ընդհանուր 38 մլն 614 հազար 880 դրամ է հափշտակել։

Ըստ նախաքննության՝ մեղադրյալը և հանցավոր կազմակերպության մյուս անդամները հափշտակված գումարների ծագումը թաքցնելու նպատակով դրանք փոխանցել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ փոխարկել կրիպտոարժույթի և ուղարկել այլ անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակներին։

Գերատեսչությունը հայտնում է, որ Ա․ Զ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։

Leave a Comment