Բոլորդ շատ լավ գիտեք ընդդիմության և, առավել ևս, մեր մոտեցումները․ մենք պատերազմի ու հատկապես այդքան զոհեր ունենալու համար կոնկրետ մեղադրում ենք «Քաղաքացիական պայմանագրին»։ Եվ սա գաղտնիք չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից կանգնել, ասել է՝ կարող էինք պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, կունենայինք նույն արդյունքը, ուղղակի զոհերն այդքան չէին լինի։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը»,– նշել է նա։
Այնուհետև Քոչարյանն անդրադարձել է իշխանության առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգին։ Նրա խոսքով՝ Հայաստանի իրական վիճակը պետք է գնահատել առաջին հերթին երկրի աշխարհագրական դիրքից և առկա անվտանգային իրողություններից ելնելով։
«Ի՞նչ է ինձ համար իրական Հայաստանը․ առաջին հերթին այն ինձ համար սկսվում է քարտեզից՝ քարտեզի վրա մեր զբաղեցրած դիրքից, թե որտեղ ենք մենք գտնվում։ Սա այն իրողությունն է, որը մենք իսկապես չենք կարող փոխել»,— ընդգծել է նա։