«ՄՍ-Տուր» ՍՊԸ-ի տնօրեն Մարիամ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ նրան առնչվող առանձին քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում։ Այս մասին «Հետքի»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները պատմում էին, որ Մարիամ Մանուկյանը կեղծ ավիատոմսեր, հյուրանոցային փաթեթներ է վաճառել, ապա անհետացել ու այլևս կապի դուրս չի եկել։
Քանի որ մեզ դիմած քաղաքացիներից ոմանք նաև Ոստիկանություն էին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, դիմել էինք Քննչական կոմիտե՝ Մանուկյանի գործունեության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։
«ՄՍ-Տուր» ՍՊԸ-ի տնօրեն Մարիամ Համլետի Մանուկյանի կողմից տուրիստական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն խարդախության՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը հափշտակելու համար, իսկ 2-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է խոշոր չափերով՝ 500,000-ից 3,000,000 դրամի չափով կատարված արարքին:
Բացի այդ, «Գլոբալ Կոլիբրի» ՍՊ ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա Մարիամ Մանուկյանի կողմից չվերթերի և հյուրանոցների ամրագրումները չկատարելու ու խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերը նշված քրեական վարույթին:
Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն վստահված գույքը հափշտակելու կամ յուրացնելու համար, իսկ 3-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով՝ 3,000,000 դրամը գերազանցող գույքը կամ դրամական միջոցները հափշտակելուն»,-հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթով ճանաչվել են տուժողներ, կատարվել են խուզարկություններ, հարցաքննություններ, ինչպես նաև ապացուցողական ու վարույթային այլ գործողություններ։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում Մարիամ Մանուկյանին առնչվող քրեական վարույթներ կան, Քննչական կոմիտեն հայտնել է, որ Մարիամ Մանուկյանի վերաբերյալ «Դատալեքսում» առկա տեղեկատվությունը կցվել է քրեական վարույթին:
Նախաքննության ընթացքում վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Մարիամ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Գլխավոր լուսանկարը գեներացրել է արհեստական բանականությունը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter