ՀՀ քաղաքացիություն ունեցող և արտերկրում ապրող երեխաների որդեգրման առանձին կարգ կգործի

Կառավարությունը հաստատել է Հայաստանի տարածքից դուրս բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաներին օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրելու դեպքում նախնական համաձայնության տրամադրման ընթացակարգը։

Նախագիծը մշակվել է արդարադատության նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տրամադրած փորձագիտական աջակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախագծով նախատեսվում է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը տվյալ երկրի իրավասու մարմինը կամ երեխային որդեգրել ցանկացող անձը ՀՀ արդարադատության նախարարություն պետք է ներկայացնի որդեգրողի և երեխայի մասին պահանջվող տեղեկություններն ու համապատասխան փաստաթղթերը։

Ներկայացված նյութերն ուսումնասիրելու են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ՆԳՆ ոստիկանությունը, ինչից հետո գերատեսչություններից յուրաքանչյուրն իր իրավասության սահմանում պետք է ներկայացնի դիրքորոշում։

Այնուհետև արդարադատության նախարարությունը, ուսումնասիրելով ստացված փաստաթղթերը և մյուս գերատեսչությունների ներկայացրած դիրքորոշումները, կազմելու է որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն և այն ներկայացնելու է վարչապետի աշխատակազմ։

Ընթացակարգի վերջնական նպատակը կառավարության կողմից որդեգրման նախնական համաձայնության տրամադրումը կամ դրա մերժումն է։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր կարգավորմամբ պետք է ապահովվի, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի երեխայի որդեգրման պարագայում ևս գնահատվեն երեխայի կարիքները, դրանք բավարարելու որդեգրողի կարողությունները, ինչպես նաև երեխայի անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը։

Leave a Comment