ԵՄ վիզաների ազատականացում․ Հայաստանը նախատեսված 72 գործողությունից 41-ն արդեն կատարել է

Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այն ղեկավարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավո�…

Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այն ղեկավարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

Նիստին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մկրտչյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է Գործողությունների ծրագրի իրականացումը։ ՆԳ նախարարության հանձնառությունն է ապահովել սահմանված հենանիշների ամբողջական կատարումը։

Նշվել է, որ ծրագրի երրորդ և չորրորդ ուղղություններով նախատեսված 72 գործողություններից 41-ն արդեն կատարվել է, իսկ մնացած 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման վրա։

Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման առաքելության երկու այց Հայաստան։ Հոկտեմբերին կգնահատվի ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին՝ երրորդ և չորրորդ ուղղություններով Հայաստանի արձանագրած առաջընթացը։

ՆԳՆ ներկայացուցիչները ներկայացրել են նաև հանցավորության կանխարգելման ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը։ Փաստաթղթերի նախագծերն արդեն պատրաստ են, և աշխատանքներ են տարվում դրանք լրամշակելու ու մինչև տարեվերջ ռազմավարությունն ընդունելու ուղղությամբ։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծով նախատեսված քայլերը։

Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ և հստակեցրել հետագա աշխատանքների առաջնահերթությունները։

Leave a Comment