Խաղողօրհնեք. Աստվածածնի Վերափոխման տոնի խորհուրդն ու պատմությունը․ «Հայագիտակ»

Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդը՝ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև որպես Խաղողօրհնեք, այս տարի նշվում է օգոստոսի 16-ին։ Որպես կանոնակարգված տոն՝ այն սկսել է նշվել 4-րդ դարի սկզբից։ Ըստ ավանդության՝ սուրբ Կույսն ունեցել է հանգիստ մահ, որից հետո համբարձվել է երկինք՝ իր Որդու մոտ։ Աստվածածինը համարվում է խնդրակատար և զավակ պարգևող. անզավակ զույգերն այս օրն ուխտի են գնում Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ, մատաղ անում և զավակ խնդրում սուրբ Մարիամից։

Տոնն ավանդաբար ուղեկցվել է ժողովրդական ուրախ երգ ու պարով։ Եկեղեցական արարողության ժամանակ օրհնվում է խաղողը, ինչպես նաև տարվա ողջ բերքը, որից հետո օրհնված խաղողը բաժանվում է հավատացյալներին։ Տոնի արմատները հասնում են մինչև նախաքրիստոնեական շրջան՝ կապվելով մայր աստվածուհու՝ Անահիտի պաշտամունքի հետ, որը նույնպես խորհրդանշում էր մայրությունն ու պտղաբերությունը։

Ինչպես բոլոր տաղավար տոներին, այնպես էլ Վերափոխման տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը։ Այդ օրը հավատացյալները հարգում են ննջեցյալների հիշատակը, այցելում շիրիմներին և ուտելիք բաժանում կարիքավորներին։

Leave a Comment