Փաշինյանը պարզաբանել է ՌԴ-ից 2 մլրդ դոլար հնարավոր գանձման մասին հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է իր հայտարարությունը՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման հետ կապված Ռուսաստանից 2 մլրդ դոլար պահանջելու հնարավորության վերաբերյալ։ Վարչապետի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։ 

Նրա փոխանցմամբ՝ խոսքը դիտարկվող տարբերակներից միայն մեկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկա։

Փաշինյանը հայտարարել է, որ խնդիրը ոչ թե ռուսական կոնցեսիան է, այլ այն ռիսկը, որ Հայաստանը կարող է բաց թողնել պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցին։

Վարչապետի խոսքով՝ հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պոտենցիալ խոշոր օգտատերերը ներդրումային հետաքրքրություն չեն ցուցաբերում և փնտրում են Հայաստանը շրջանցող այլընտրանքային երթուղիներ՝ պատճառաբանելով, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը։։

«Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի խնդիր չունենք, այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են և ըստ էության օգտագործման ծավալի առյուծի բաժինն իրենք են օգտագործում, մենք տեսնում ենք, որ չեն օգտվում, իրենք Հայաստանը շրջանցելու համար ուրիշ տեղեր են փնտրում։ Մենք ասում ենք՝ ինչո՞ւ եք շրջանցում Հայաստանը, և հասկանում ենք, որ հիմնական պատճառը դա է»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ իշխանությունները ռուսական կողմի հետ կոնցեսիոն պայմանագրի միակողմանի լուծումը չեն դիտարկում որպես ընդունելի տարբերակ, քանի որ ցանկանում են գտնել «բարեկամական լուծում»։

Քննարկվող տարբերակների թվում նա նշել է ռուսական կողմից կոնցեսիոն իրավունքների վաճառքը երրորդ կողմին՝ շուկայական գնով, կառավարման մոդելի փոփոխությունը, որի դեպքում ռուսական կողմը կարող է պահպանել փոքրամասնության մասնաբաժինը, ինչպես նաև ենթակառուցվածքների կառավարման և դրանց շահագործման գործառույթների առանձնացումը։

«Մենք այդպես ստատիկ կանգնած չենք, հայտարարություն չենք արել և վերջ։ Այսինքն, աշխատանք է տեղի ունենում, որ հասկանանք՝ որտեղ է այն կետը, որտեղ մենք կարող ենք բարեկամական լուծում գտնել»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները դեռ դիտարկում են հայեցակարգային տարբերակներ, և հնարավոր նոր մոդելի մանրամասները դեռևս որոշված չեն։

Փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրին փոխանցելու հարցը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:

Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ՀԿԵ-ն համարում է իր սեփականությունը և պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։

Leave a Comment