Թավջութակահար Անդրանիկ Աղաջանյան․ միջազգային բեմերից մինչև մանկավարժական գործունեություն․ «Երաժշտական եռանկյունի»

Թավջութակի հայկական կատարողական արվեստի երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից է Անդրանիկ Աղաջանյանը, որի ստեղծագործական ուղին վկայում է․ տաղանդը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կարող են կարճ ժամանակում բերել նշանակալից հաջողությունների։

Դեռևս երաժշտական կրթության առաջին տարիներից նա աչքի է ընկել իր կատարողական բարձր մակարդակով, իսկ հետագայում շարունակել է մասնագիտական կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆ. Արամ Թալալյանի դասարան)՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Միաժամանակ կատարելագործվել է նաև արտերկրում՝ սովորելով Բեռլինի Internationale Musikakademie Anton Rubinstein-ում և Ֆինլանդիայի Turku University of Applied Sciences-ի Արվեստների ակադեմիայում, որտեղ ընդլայնել է իր մասնագիտական փորձն ու միջազգային ստեղծագործական կապերը։

Անդրանիկ Աղաջանյանի անունը վաղուց արդեն հայտնի է միջազգային մրցութային հարթակներում։ Մասնակցելով բազմաթիվ հեղինակավոր մրցույթների՝ նա մշտապես արժանացել է բարձր գնահատականի՝ նվաճելով գլխավոր կամ առաջին մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ և դափնեկրի կոչումներ։ Նրա մրցանակների շարքում առանձնանում են «Դու մեր հպարտությունն ես» միջազգային փառատոն-մրցույթի Գրան պրին, Պ. Ի. Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթի հատուկ դիպլոմը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը։ Այս հաջողությունները վկայում են ոչ միայն կատարողական բարձր վարպետության, այլև թավջութակի դպրոցի հայկական լավագույն ավանդույթների արժանի շարունակողի մասին։

Որպես մենակատար Անդրանիկ Աղաջանյանը բազմիցս հանդես է եկել համերգային բեմերում՝ մասնակցելով երիտասարդ տաղանդավոր երաժիշտների ծրագրերին և ներկայացնելով Հայաստանը միջազգային երաժշտական հարթակներում։ Նրա կատարումները առանձնանում են երաժշտական խոր արտահայտչականությամբ, տեխնիկական վստահությամբ և ստեղծագործության գաղափարական բովանդակությունը հանդիսատեսին հասցնելու կարողությամբ։

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Անդրանիկ Աղաջանյանը զբաղվում է նաև մանկավարժությամբ։ 2023 թվականից նա դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր գիտելիքն ու փորձը փոխանցելով երիտասարդ երաժիշտներին։ Այսպիսով, նա ոչ միայն շարունակում է իր հաջող կատարողական ուղին, այլև նպաստում է թավջութակի հայկական դպրոցի զարգացմանն ու նոր սերնդի ձևավորմանը։

Երիտասարդ տարիքում ձեռք բերած նշանակալից նվաճումներն արդեն իսկ նրան դասում են հայկական ակադեմիական երաժշտարվեստի խոստումնալից և հեռանկարային ներկայացուցիչների շարքը։

Leave a Comment