Կառավարությունը շուրջ 5 մլրդ դրամ կհատկացնի արտահանողներին – armeniatoday.am

Կառավարությունը շուրջ 5,37 մլրդ դրամ կհատկացնի պահուստային ֆոնդից արտահանման աջակցության երկու ծրագրերի ֆինանսավորմանը։ Նախագծերին կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 13-ի նիստում։

Գումարից 1,714 մլրդ դրամը կուղղվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի, չերրի տեսակի լոլիկի և ծաղիկների արտահանման ծախսերի փոխհատուցմանը։ Եվս 3,651 մլրդ դրամ կհատկացվի ծիրանի, սալորի, կեռասի, դեղձի և նեկտարինի, հանքային ջրի, գինու, կոնյակի, չրերի և ձկան արտահանման աջակցության համար։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է ջերմատնային տնտեսությունների սուբսիդավորվող վարկերի համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը և վերացնել ծրագրից միայն մեկ անգամ օգտվելու սահմանափակումը։

Շահառուները մինչև 100 մլն դրամի սահմանաչափով կկարողանան ստանալ մի քանի առանձին վարկեր, իսկ մայր գումարի արտոնյալ ժամկետը կհաշվարկվի յուրաքանչյուր վարկի տրամադրման օրվանից։ Վարկով ֆինանսավորվող ծախսերի ցանկում նախատեսվում է ներառել նաև բույսերի պաշտպանության միջոցների և սուբստրատի ձեռքբերումը։

Մայիսի վերջին և հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից ծաղիկների, մի շարք մրգերի ու բանջարեղենի, չրերի և ձկնամթերքի ներմուծման նկատմամբ՝ պատճառաբանելով բուսասանիտարական և անվտանգության պահանջների խախտումները։

Սահմանափակումների ֆոնին ՀՀ իշխանությունները հայտարարել էին արտահանման նոր շուկաներ գտնելու և դեպի Եվրոպա մատակարարումները խթանելու մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

Կարդացեք նաև՝

Ծաղիկները սպասում են ընտրություններին

Leave a Comment