Կոլումբիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 265-ի, վիրավորվել է 3494 մարդ, իսկ ևս 496-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան՝ ընդգծելով, որ հիմնական ջանքերն այժմ ուղղված են անհետ կորածների որոնմանն ու փրկարարական աշխատանքներին։
Նրա խոսքով՝ աղետից տուժել է ավելի քան 25 հազար ընտանիք՝ ընդհանուր առմամբ 53 816 մարդ։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 140 շենք, վնասվել է ավելի քան 53 հազար բնակելի տուն, 1819 կրթական հաստատություն, 631 հասարակական կենտրոն և 179 բուժհաստատություն։ Վնասներ են կրել նաև կամուրջները, ճանապարհները, ջրամատակարարման համակարգերը և հինգ օդանավակայան։
Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ Սան Խոսե դել Պալմար բնակավայրի շրջանում։ Ամենածանր հարվածը կրել են Չոկո, Ռիսարալդա, Կինդիո, Կալդաս և Վալյե դել Կաուկա դեպարտամենտները։