Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին

Իրանը և ԱՄՆ-ն առաջընթաց չեն գրանցել հունիսին ձեռք բերված պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագրի երկարաձգման բանակցություններում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին:

«Միջնորդների միջոցով քննարկվող հարցերից մեկը ԱՄՆ-ի վերադարձն է ժամանակավոր համաձայնագրին և իր պարտավորությունների կատարման ժամանակացույցը: Այս հարցում բացարձակապես առաջընթաց չակ», – ասել է աղբյուրը:

Աղբյուրը նաև հերքել է թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են երկարաձգել վերջնական համաձայնագրի կնքման համար նախատեսված հուշագրում նշված 60-օրյա ժամկետը:

«Երկարաձգման մասին խոսք չկա, քանի որ Իրանի տեսանկյունից ժամկետը չի սկսվել, և, հետևաբար, երկարաձգելու ոչինչ չկա: Միացյալ Նահանգները խախտել է ժամանակավոր համաձայնագիրը դրա ստորագրումից 48 ժամ անց և մի քանի օր անց դուրս է եկել դրանից», – նշել է աղբյուրը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմի երկարաձգման հնարավորությունը չի քննարկվել, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Թեհրանի տեսանկյունից զինադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ն ստորագրումից 48 ժամ անց խախտել է փոխըմբռնման հուշագիրը։ Հետևաբար, հրադադարի երկարաձգումը քննարկման առարկա չէ։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ քննարկումները շարունակվում են հուշագրի դրույթներին վերադառնալու և դրանց իրականացման մեխանիզմների շուրջ, սակայն այս պահին առաջընթաց չկա։

Ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմը երկարաձգելու շուրջ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին կողմերը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին՝ 40 օր տևած մարտերից հետո, սակայն Պակիստանում անցկացված բանակցությունները երկարաժամկետ կարգավորման չէին հանգեցրել։ 

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կողմերը նաև համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզին և նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովող կապի ուղի էին ստեղծել։

Հունիսի վերջին ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց մեղադրել էին հուշագիրը խախտելու մեջ և վերսկսել փոխադարձ հարվածները։

Leave a Comment