Մենք ունենք Պուտինին կանգնեցնելու ծրագիր. Զելենսկի

Մենք ունենք Պուտինին կանգնեցնելու ծրագիր. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ցանկանում դադարեցնել պատերազմը, սակայն, ըստ նրա, Ուկրաինան և միջազգային գործընկերները մշակել են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համատեղ ծրագիր։

Զելենսկին այս մասին հայտարարել է Ուկրաինայի երիտասարդական ֆորումի ընթացքում՝ ընդգծելով, որ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է շարունակել ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճնշումը Մոսկվայի նկատմամբ։

«Պուտինը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը, բայց նա կդադարեցնի այն։ Մենք ծրագիր ունենք։ Գիտենք՝ ինչ պետք է անել։ Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է՝ նրա վրա ճնշում գործադրելու վերաբերյալ», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ այդ ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը ռազմաճակատում Ուկրաինայի դիրքերի պահպանումն է։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական զինված ուժերի կայունությունը հնարավորություն է տալիս երկրի ղեկավարությանը ավելի ուժեղ դիրքերից բանակցել Ռուսաստանի հետ։

«Ամեն դեպքում, մեր զինվորականները պետք է պահեն ճակատը։ Երբ նրանք պահում են ճակատը, դա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել թշնամու հետ», – ընդգծել է նա։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր ռազմավարությունն այս փուլում Ռուսաստանի ռազմավարությանը հակազդելն է։ Նա միջազգային գործընկերներին կոչ է արել մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հակաօդային պաշտպանությանը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պաշտպանության ուժերի առաջադրանքների թվում են նաև պատասխան հարվածները Ռուսաստանի ռազմական և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին։

«Մենք պետք է պատերազմը վերադարձնենք Ռուսաստանի տարածք։ Դրանից հետո ռուսական հասարակությունն իր վրա կզգա այս պատերազմի հետևանքները և ճնշում կգործադրի իշխանությունների վրա», – ասել է Զելենսկին։

Միաժամանակ, նրա հայտարարություններից հետևում է, որ Կիևը պատերազմի ավարտի հնարավորությունը կապում է Ռուսաստանի նկատմամբ ճնշման ուժեղացման, ռազմաճակատում դիրքերի պահպանման և միջազգային աջակցության ընդլայնման հետ։

Leave a Comment