Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ․ նախատեսվում է նաև այն նշանակել առցանց

2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստը նախատեսվում է սահմանել 500 հազար դրամ։ Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է նաև նպաստի նշանակման գործընթացը հիմնականում տեղափոխել առցանց դաշտ՝ այն առկա տվյալների հիման վրա նշանակելով ինքնաշխատ եղանակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության վաղվա  նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքով վերանայվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի պայմանները և չափը հաշվարկելու՝ Կառավարությանը վերապահված լիազորությունը, մասնավորապես ի թիվս գործող պայմանների սահմանվեց նաև, որ երեխայի ծնողը ունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, եթե  երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը), ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

Վերը նշված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվեց նաև, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, և այս դեպքում նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը տրվեց Կառավարությանը:

Կատարված փոփոխության արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը այլևս փոխկապակցված չի լինելու երեխայի կարգաթվով (նպաստի չափը սահմանելու լիազորությունը տրված է Կառավարությանը)։

Բացի այդ, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը նպաստը նշանակվում է նաև ծնողի առցանց դիմումի հիման վրա՝ ծառայության կայքէջի միջոցով։

Հարկ է նկատի ունենալ, որ պետական մարմինների և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքում ստեղծվել է ծառայությունների ազգային հարթակը՝ «Հանրային ​​կառավարման բարեփոխումների» օրակարգի համատեքստում՝ նպատակ ունենալով բարելավելու քաղաքացիներին հանրային ծառայությունների մատուցման գործընթացը։

Հարթակի միջոցով իրականացվում է պետական տարբեր ծառայությունների առցանց մատուցման գործընթաց և երեխայի ծնունդով պայմանավորված ծառայությունները ևս (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը), որպես կյանքի իրադարձության մի փուլ, նախատեսվում է իրականացնել նաև այս հարթակի կիրառմամբ։

Բացի վերը նշվածից, չնայած որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը հիմանականում նշանակվում է առկա տեղեկատվության (շտեմարանների) գործարկմամբ, սակայն նպաստ նշանակվում է տարածքային բաժնի կողմից՝ մասնագետի միջամտությամբ։ Մինչդեռ առկա ռեսուրսների կիրառմամբ նպաստը առցանց ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր է նշանակել ինքնաշխատ եղանակով։

 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1. «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում՝
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել հինգ հարյուր հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո (մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը),
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դեպքում այլ երեխաների մասով փաստաթղթեր (տվյալներ) ստանալ այն դեպքում, երբ նպաստը պետք է նշանակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կամ առցանց տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետ առաջարվում է սահմանել  մինչև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը (այդ օրվանից հետո ներկայացված դիմումները մերժվում են),
  • հստակեցնել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս մյուս երեխաներին հաշվի առնելու՝ գործող օրենսդրությամբ սահմանված պայմանները վերաբերում են այն դեպքերին, երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է նշանակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ծնված երեխայի կապակցությամբ,
  • նպաստ նշանակելը մերժելու հիմքերում սահմանվում է, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին նպաստ նշանակելիս ՀՀ-ում չգտնվելու պայմանը կիրառելի չէ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որ այն դեպքում, երբ նպաստ նշանակելը մերժվել է երեխայի կամ ծնողի՝ ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառում չունենալու ինչպես նաև ՀՀ-ից երեխայի և ծնողի բացակայելու պատճառով, ապա նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում ՀՀ հասցեով հաշվառվելու դեպքում դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:
  1. Առցանց ծառայությունների ընդլայնման և նպաստն ինքնաշխատ եղանակով նշանակելու համատեքստում նախագծով առաջարկվում է՝
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
  • նպաստը նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
  • նպաստը նշանակվում է օտարերկրյա պետությունում ծնված երեխայի ծննդի կապակցությամբ, ում ծննդի պետական գրանցումն կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ
  • նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել կամ
  • նպաստը նշանակվում է խնամակալին կամ
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարանների կամ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) տվյալները բավարար չեն նպաստը (այդ թվում՝ բարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով) նշանակելու համար (ներկայացված էլեկտրոնային դիմումը մերժվել է)։
  • Առցանց տվյալների հիման վրա նպաստը նշանակել կամ նպաստ նշանակելը մերժել ինքնաշխատ եղանակով՝  համապատասխան ծրագրային գործիքի միջոցով.

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կապահովվի ընդունված օրենքի կիրարկումը, ինչպես նաև կընդլայնվեն առցանց մատուցվող ծառայությունների թիվը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանիվերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի՝

  • 1-ին կետից, այն է՝ շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը,
  • 6-րդ կետից այն է՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և  նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև  կենսաթոշակների և  նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և  քանակական բարելավման:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականիմարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ծախսերի ավելացում չի նախատեսվում։

Leave a Comment