
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգված է ԱՄՆ-ի իմունիզացիայի քաղաքականության վերջին փոփոխություններով, որոնք կրճատում են մանկական պարտադիր պատվաստումների քանակը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում:
«ԱՀԿ-ն մտահոգված է, որ ԱՄՆ-ի իմունիզացիայի քաղաքականության վերջին փոփոխությունները չեն համապատասխանում տասնամյակների ապացույցներին, որոնք ցույց են տալիս, թե որ տարիքում են երեխաները առավել խոցելի հիվանդությունների նկատմամբ, երբ են պատվաստանյութերն ապահովում ամենաուժեղ պաշտպանությունը, քանի դեղաչափ է անհրաժեշտ և որ պատվաստանյութերը կարող են անվտանգ կերպով ներարկվել միասին», – գրել է նա:
Կազմակերպության ղեկավարը նշել է, որ ներկա գիտական ապացույցները հստակ ցույց են տալիս պատվաստանյութերի անվտանգությունը, այդ թվում՝ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված ԿԿԽ պատվաստանյութի, և որ պատվաստման և աուտիզմի միջև կապ չկա:
Գեբրեյեսուսը նաև նշել է, որ պատվաստման քաղաքականությունը պետք է հիմնված լինի գիտական ապացույցների մանրակրկիտ, անկախ և թափանցիկ գնահատման վրա, այլ ոչ թե քաղաքական ազդեցության:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով կոչ էր արվում կրճատել մանկական պատվաստումները և խորհուրդ էր տալիս բաժանել կարմրուկի, խոզուկի և կարմրախտի համակցված պատվաստանյութը: