Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից. քաղաքապետարան

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։

«Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները։ Կիրականացվեն հենարանների վնասված հատվածների մաքրում, քայքայված ամրանների մշակում, կամարային հատվածի վերականգնում և այլ աշխատանքներ։

Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր-բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու և երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment