ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև 200 հազար դրամ ստացողները կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգում

Կառավարությունը քննարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր տարբերակները։ Այս…

Կառավարությունը քննարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քննարկվող սցենարներից մեկով 2027 թվականին մեկ անձի համար նախատեսված ամսական 10 800 դրամ վճարից 4 400 դրամը կարող է սուբսիդավորել կառավարությունը, 2 000 դրամը վճարի աշխատողը, իսկ մնացած 4 400 դրամը՝ գործատուն։

Փաշինյանը նշել է, որ աշխատողի վճարելիք 2 000 դրամը համապատասխանում է այն գումարին, որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարվում էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

2028 թվականի հունվարի 1-ից կառավարությունը դիտարկում է այլ մեխանիզմ․ 10 800 դրամից 6 000 դրամը կարող է վճարել աշխատողը, որը հետագայում այն կստանա որպես սոցիալական կրեդիտ՝ համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու դեպքում։ Մնացած 4 800 դրամը կվճարի գործատուն։

Այս մեխանիզմները նախատեսվում են այնքան ժամանակ, քանի դեռ աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 հազար դրամը։ Շեմը հատելու դեպքում քաղաքացին կանցնի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար գործող համակարգին։

Վարչապետը շեշտել է, որ սա դեռևս վերջնական որոշում չէ։ Կառավարությունը քննարկումները շարունակելու է ԱԺ-ի, աշխատողների և գործատուների ներկայացուցիչների հետ։

«Առաջիկա մեկ, առավելագույնը երկու ամիսների ընթացքում մեզ անհրաժեշտ կլինի որևէ որոշում կայացնել, որպեսզի 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող մեր քաղաքացիներին ներառենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ կառավարությունը ցանկանում է սոցիալական խնդիրը լուծել այնպես, որ չխրախուսի աշխատաշուկայում ստվերային սխեմաները։

Փաշինյանի խոսքով՝ նպատակն է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառել բնակչության բոլոր շերտերին։

Leave a Comment