Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմի երկարաձգման հնարավորությունը չի քննարկվել, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Թեհրանի տեսանկյունից զինադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ն ստորագրումից 48 ժամ անց խախտել է փոխըմբռնման հուշագիրը, հետևաբար՝ հրադադարի երկարաձգումը քննարկման առարկա չէ։ Ագենտության զրուցակիցը նշել է, որ քննարկումներն ընթանում են հուշագրի դրույթներին վերադառնալու և դրանց իրականացման մեխանիզմների շուրջ, սակայն առաջընթաց դեռևս չկա։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում անելով պակիuտանյան աղբյուրին, հայտնել էր, թե Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմը երկարաձգելու շուրջ։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին կողմերը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին՝ 40 օր տևած մարտերից հետո, սակայն Պակիստանում անցկացված բանակցությունները երկարաժամկետ կարգավորման չէին հանգեցրել։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կողմերը նաև համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզին և նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովող կապի ուղի էին ստեղծել։
Հունիսի վերջին ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց մեղադրել էին հուշագիրը խախտելու մեջ և վերսկսել փոխադարձ հարվածները։
