TRIPP-ի ճանապարհին պետք է իրական մաքսային հսկողություն իրականացվի․ Ֆարմանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը մտահոգություն է հայտնել TRIPP-ի շրջանակում նախատեսվող…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը մտահոգություն է հայտնել TRIPP-ի շրջանակում նախատեսվող տարանցիկ ճանապարհի նկատմամբ մաքսային հսկողության վերաբերյալ։

«Խնդիր եմ տեսնում TRIPP-ի տարանցիկ ճանապարհի հետ կապված։ «Միջանցք» բառը չեմ էլ ուզում օգտագործել, Աստված տա՝ այդպես չլինի, թող լինի տարանցիկ ճանապարհ։ Արդյոք այդ ճանապարհին մեր մաքսավորներն իրականացնելու են իրական հսկողություն, թե լինելու է միայն վիզուալ ներկայություն»,- ասել է Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, որ ճանապարհին գործի լիարժեք մաքսային հսկողություն և այն լինի սովորական տարանցիկ ճանապարհ։

«Այդ պարագայում ես խնդիր չեմ տեսնում։ Մենք պետք է զարգացում ապրենք։ Ամեն անգամ հետ գնալով, ամեն անգամ զրոյական կետից սկսելով՝ լավ բանի չենք հանգի»,- նշել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան բենզինի ներմուծմանը՝ Ֆարմանյանն ընդգծել է փոխադարձության սկզբունքի կարևորությունը։

«Առևտուրը, ընդհանրապես միջազգային բիզնես հարաբերությունները ենթադրում են փոխադարձության սկզբունք։ Երբ մենք միակողմանի առևտուր ենք իրականացնում, դա ուղղակի միակողմանի առևտուր է»,- ասել է նա։

Ֆարմանյանի խոսքով՝ եթե, օրինակ, Ղազախով երկաթուղային ճանապարհով Ադրբեջանից ուղիղ Հայաստան ապրանքներ տեղափոխվեն, ինքը դա կողջունի, եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը։

Միաժամանակ նա նշել է, որ երբ Վրաստանի տարածքով Ադրբեջանից բենզին է ներկրվում Հայաստան՝ առանց Հայաստանից ապրանքների արտահանման, դա չի համարում խաղաղության օրակարգից բխող լիարժեք տնտեսական հարաբերություն։

Leave a Comment