Պատգամավորներն օգոստոսի 12-ի ԱԺ նիստում քննարկել են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ թեկնածուն իր մասնագիտական փորձով և ոլորտային գիտելիքներով նոր շունչ կհաղորդի բնագավառում ֆինանսական վերահսկողության մակարդակի բարձրացմանը և կնպաստի ոլորտին առնչվող խորհրդարանական գործիքակազմի արդյունավետ իրականացմանը։
Ելույթում Հայկ Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Թեկնածուն համոզմունք է հայտնել, որ անկախ քաղաքական տարաձայնություններից և հակասություններից՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատելու է կոնսեսուսային մթնոլորտում։ Զեկուցողը նշել է, որ հաշվի առնելով իր անցած գիտական ու աշխատանքային երկար ճանապարհը՝ պատրաստ է գիտելիքներն ու ներուժը ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության։
Ընդգծելով, որ ինքը նոր քաղաքական մշակույթի կողմնակից է՝ բանախոսը վստահեցրել է․ «Բոլոր այն օրինագծերը, որոնք կբխեն մեր երկրի շահերից և կնպաստեն մեր քաղաքացիների բարեկեցությանը, դրանք պետք է ողջունելի լինեն՝ անկախ այն հանգամանքից, թե հեղինակն ընդդիմությունն է, թե իշխանությունը»։
Թեկնածուի խոսքով խորհրդարանական վերահսկողությունը պետք է միտված լինի պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարմանը։
Թեկնածուն պատասխանում է պատգամավորների հարցերին։