Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մոտ են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նպատակին։ Նա այս մասին ասել է օգոստոսի 11-ին Նախիջևան կատարած այցի ընթացքում՝ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահորեն և շատ հմտորեն մոտենում էինք այդ նպատակին և արդեն մոտեցել ենք դրան»,- նշել է Ալիևը։
Ալիևը նաև շեշտել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բաքուն դիտարկում է որպես ավելի լայն միջազգային տրանսպորտային ցանցի մաս։ Նրա խոսքով՝ այն կարող է դառնալ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ճյուղերից մեկը։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ երթուղու բացումից հետո Ադրբեջանից դեպի Իրան կարող է գործել երկրորդ երկաթուղային գիծը՝ Նախիջևանի Ջուղայի կայարանով։
Ալիևը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շուրջ բանակցությունների ժամանակ պնդել է, որ փաստաթղթում ներառվի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու հարցը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը չէր ցանկանում համաձայնել դրան, սակայն, ի վերջո, համաձայնություն է տվել։
Նրա խոսքով՝ մինչև 2025 թվականի օգոստոս հարցը «սառեցված վիճակում էր»։ Ալիևը պնդել է, որ Հայաստանն «ամեն կերպ փորձում էր ձգձգել գործընթացը», իսկ Ռուսաստանը «կա՛մ չէր կարողանում ապահովել դա, կա՛մ կային այլ պատճառներ»։
Ալիևի գնահատմամբ՝ երթուղով կարող է տարեկան առնվազն 15 մլն տոննա բեռ փոխադրվել, ինչը, նրա խոսքով, կնպաստի Նախիջևանում տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Նա հայտարարել է, որ Նախիջևանը կարող է դառնալ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց։
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
2026-ի հունվարին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիր։ Նույն պաշտոնյաները TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը հունիսի 4-ին հեռավար ձևաչափով էին ստորագրել։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։ Երևանը նաև մերժել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքում նման անվանումով միջանցք գոյություն չունի։