Ամեն օր «հյուր գնացող» արջին արդեն իսկ դժվար է հյուր անվանել։ Եղեգիս գյուղում արջը թե’ փեթակներին հասնելու ճանապարհը, թե’ քաղցր մեղրի ու մյուս բերք ու բարիքի համը գիտի։ Տիկին Գրետան Եղեգիսից պատմում է, թե ինչպես են ամեն երեկո ութից հետո սպասում ոչ անսպասելի հյուրին։
Գյուղի այն մեղվափեթակները, որոնց շուրջբոլորն անցկացված են էլեկտրական հովիվներ, պաշտպանված են։ Համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասում է, որ էլեկտրական հովիվները տեղադրելուց հետո համայնքում նկատում են փեթակների քանակական աճ։ Համոզվել են՝ արջի հետ կռիվ տալն անիմաստ է, արջն արդեն հարմարվել է գյուղին, իրենք էլ փորձում են արջի ներկայության հետ հարմարվել։



Այս տարի արդեն իսկ արջի կողմից գյուղացիական տնտեսություններին հասցրած 12 դեպք է արձանագրվել, վերջին դեպքը օրեր առաջ է եղել։ Քաղցրից զրկվել է արջը, հիմա էլ գյուղի տնային թռչուններին ու պտուղներն է համտեսում։
Հայաստանում մարդ-արջ կոնֆլիկտն ամենաշատն արտահայտվում է հենց Վայոց ձորում և հենց Եղեգիս համայնքում։ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական խմբի ղեկավար, թանգարանի տնօրեն Անդրանիկ Գյոնջյանը նշում է, որ գիտական խմբով ուսումնասիրություններ են անցկացրել՝ պարզելու, թե ինչու է արջն իր բնական միջավայրը թողնում, իջնում բնակավայր։ Գիտնականի համոզմամբ՝ պատճառները բազմազան են և հիմնականում՝ մարդածին։



Եղեգիս համայնքում կա 22 ՓՀԷԿ, որից 13-ը Եղեգիս գետի վրա է։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն ասում է՝ գետի բեռնվածությունը պետք է լինի մինչև 45 տոկոս, սակայն գետն այժմ բեռնված է 54 և ավելի տոկոս։
Կան կոնֆլիկտի մեղման մեխանիզմներ։ Դրանցից են էլեկտրական հովիվների տեղադրումը, աղբահանության խնդրի կարգավորումը, ինչպես նաև բնակավայրերի հարակից տարածքներում անտառվերականգնման աշխատանքները։ Այս հարցում համայնքներին աջակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը, որի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը կարևորում է բնության հետ ներդաշնակ ապրելու գաղափարի տարածումը։
Եղեգիս համայնքում տասը կետում տեղադրվել են հատուկ մետաղական աղբամաններ, որոնք արջին ուղղակի հասանելի չեն։