Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր





«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք XVI International Christmas Choir Festival «Vienna Christmas Voices» միջազգային փառատոնին։

Փառատոնը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը և կազմակերպվում է WOFA (World Festival Association)-ի կողմից՝ միջազգային մշակութային փառատոնների ոլորտում գործող հեղինակավոր կազմակերպության։

«Այս հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանը և հայկական ու արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացնեն «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը» և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։

Այս մասնակցությունը մեր կազմակերպության մշակութային դիվանագիտության և միջազգային համագործակցության շարունակական աշխատանքի կարևոր դրսևորումներից է։

Մեր համոզմամբ՝ մշակույթը միայն անցյալի ժառանգություն չէ։ Այն ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության հզոր կամուրջ է։ Երբ քաղաքական, աշխարհագրական կամ լեզվական սահմանները բաժանում են մարդկանց, մշակույթը շարունակում է միավորել նրանց։

Հենց այս համոզմունքն է ընկած «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի միջազգային գործունեության հիմքում՝ պահպանել, հանրահռչակել և արժանապատվորեն ներկայացնել հայկական և արցախյան մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։

Դրա կարևոր դրսևորումներից էր կազմակերպության մասնակցությունը Իտալիայում անցկացված միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվել էր CIOFF International-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Միջազգային այս փորձը ևս մեկ հնարավորություն էր հայկական մշակույթը և արցախյան մշակութային ժառանգությունը միջազգային հարթակում ներկայացնելու համար։

Նման միջազգային ծրագրերը հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել մեր մշակույթը, այլև ստեղծել նոր մասնագիտական կապեր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և մշակույթի միջոցով ձևավորել երկխոսության նոր հնարավորություններ»,- նշում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ից։ 



Leave a Comment