Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը, հայտնում են ԱԳՆ-ից։
Կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:
Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը:
Նշվում է, որ Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում։
Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագրի մեկամյակին համատեղ հայտարարություն էին տարածել։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։
Հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել TRIPP զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
