ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը զենք է վաճառում Եվրամիությանը, իսկ եվրոպական երկրներն իրենք են որոշում՝ թե որտեղ օգտագործել այն։ Միաժամանակ ամերիկյան նախագահը նշել է, որ այդ սպառազինությունը կարող է փոխանցվել նաև Ուկրաինայի զինված ուժերին։
«Ես այն (զենքը՝ խմբ.) չեմ տալիս Ուկրաինային, ես այն տալիս եմ Եվրամիությանը։ Նրանք փող ունեն և մեծ գումարներ են վճարում։ Մենք վաճառում ենք զինամթերք, վաճառում ենք կործանիչներ, ամեն ինչ վաճառում ենք Եվրամիությանը, իսկ նրանք անում են դրա հետ այն, ինչ ցանկանում են, այդ թվում՝ տալիս են Ուկրաինային»,– Real America’s Voice ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Հուլիսի 31-ին Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ը պետք է շատ զգույշ լինի այլ երկրներին ամերիկյան սպառազինության արտադրության լիցենզիաներ տրամադրելիս։ Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնը Կիևին չի տվել ոչ Patriot համակարգերի, ոչ էլ Tomahawk թևավոր հրթիռների արտադրության տեխնոլոգիաների փոխանցման համաձայնություն՝ կասկածի տակ դնելով նման հնարավորությունը։