Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ կոնկրետ լուծումներ ենք ներկայացնելու, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ խոսելով ԱԺ-ում քաղաքական ուժի գործունեության ուղղությունների մասին։
Նա նշել է, որ քաղբանտարկյալների հարցը հատկապես ընդգծվում է խափանման միջոց կալանքի, տնային կալանքի և ապօրինի հետապնդումների կոնտեքստում։
«Այսօր էլ Հայաստանում այդ վիճակը իսկապես ահագնացող է, լուծումներ դրա վերաբերյալ կարող են լինել, իհարկե կարող են, բայց առաջնայինը դրա համար պետք է քաղաքական կամք, այն որ այս իշխանությունները ճիշտ հակառակ կամքը ունեն, դա ևս ակնհայտ է։ Ինչևէ, մենք սրա վերաբերյալ ևս ունենք կոնկրետ լուծումներ, որոնք ներկայացվելու են»,- ասել է Վարդևանյանը։
Նա շեշտել է, որ բազմաթիվ անձինք գտնվում են կալանքի պայմաններում, երբ նույնիսկ մեղադրանքները ոչ մի տվյալ իրենց մեջ չեն պարունակում։
«Մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի պայմաններում, և եթե հարցնեք դրա իրավական հիմքը ո՞րն է, զրո»,- հավելել է նա։
Նա նաև նշել է, որ խորհրդարանական պաշտոններն ընդդիմությանը լրացուցիչ գործիքներ կտրամադրի, մասնավորապես՝ խորհրդարանական դիվանագիտության համար: Վարդևանյանի խոսքով՝ դաշինքը նախատեսում է առավելագույնս օգտագործել այդ լծակները:
Վարդևանյանն ավելի վաղ ընտրվել էր ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ: Նրա թեկնածությունը առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը:
