Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայում Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, սակայն, ըստ նրա, կայանը հնացած է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Ալիևի խոսքով՝ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, և վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Այդ դեպքում, ըստ նախագահի, Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էլեկտրամատակարարման լրացուցիչ աղբյուր ունենալը ձեռնտու կլիներ Հայաստանին։
Նա հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել են այն վայրերը, որտեղ, ըստ իրենց, կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։
Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը նախևառաջ կարող է անհրաժեշտ լինել հենց Հայաստանին։
