Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համաձայնություն կա, իսկ երկու երկրները նաև անդամակցում են կարևոր միջազգային կառույցների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը և BRICS-ին։ Նրա խոսքով՝ սա մեծ ներուժ կարող է ստեղծել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ռեզային դրական է գնահատել Չինաստանի դիրքորոշումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Իրանի դեմ ուղղված և անօրինական» բանաձևին չաջակցելու հարցում՝ Ռամադանի պատերազմի ընթացքում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում անկայունության առաջացման պատճառ է և Իրանի դեմ «անօրինական պատերազմ պարտադրելով»՝ վտանգի տակ է դրել ողջ տարածաշրջանը։
Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի ներկայացրած պայմանները։
«ԱՄՆ-ը պետք է ավարտի պատերազմը, վճարի Իրանի սառեցված միջոցները, իսկ ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում, պետք է դադարեցվի պատերազմը», – ասել է նա՝ հավելելով, որ Իրանի մյուս պայմանները փոխանցվել են ԱՄՆ-ին միջնորդների միջոցով։
Ռեզային նաև նշել է, որ եթե Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով երթևեկության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, ապա այդ համաձայնությունը առանձին հարց է և չի առնչվի նեղուցի փակմանը։
