Վրաստանի վարչապետը բացառել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ վերականգնել, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քանի դեռ Ռուսաստանի կողմից [Աբխազիայի և Հարավային Օսիայի] այսպես կոչված ճանաչումը կայացած փաստ է, դիվանագիտական հարաբերությունները, անշուշտ, չեն վերականգնվի։ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է»,- նշել է նա՝ հավելելով, որ իրավիճակի խաղաղ լուծումը Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել Թբիլիսիի հետ գործնական կապերը։ Նրա խոսքով՝ Վրաստանի հաջող զարգացման գրավականը ոչ թե առճակատումն է, այլ Ռուսաստանի հետ համագործակցությունը։

Թբիլիսին 2008 թվականի սեպտեմբերի 2-ին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելուց հետո։ Միևնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կպահպանի Ռուսաստանի հետ հյուպատոսական հարաբերությունները։

2009 թվականի մարտից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը գործում է Ռուսաստանի շահերի բաժինը, որտեղ աշխատում են ռուսականդիվանագիտական և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ։ Մոսկվայում՝ նույնպես Շվեյցարիայի դեսպանատանը, գործում է Վրաստանի շահերի բաժինը։

Leave a Comment