Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում օգոստոսի 17-18-ին կանցկացվի «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ցուցահանդեսին կմասնակցեն տեքստիլ մշակույթի վարպետներ Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից։
Ցուցահանդեսի գաղափարը ծագել է 2025 թվականին Պլովդիվում կայացած Սոֆիայի կենտրոնի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, երբ Հայաստանը առաջարկել է անդամ երկրների մասնակցությամբ միջազգային տեքստիլ ցուցահանդես կազմակերպել։
Ցուցահանդեսը նպատակ ունի արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ձևավորելու մասնագիտական նոր կապեր, խթանելու փորձի փոխանակումն ու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև աշխուժացնելու Դիլիջանի մշակութային կյանքը և հանրահռչակելու թանգարանի գործունեությունը։
