Օրերս հրապարկվեց 2026 թվականի առաջին կիսամյակի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Նկատելի է, որ Հայաստանում գործող փոստային և սուրհանդակային ծառայությունների շուկայում վերադասավորումներ են տեղի ունենում։
2026 թվականի առաջին կիսամյակում ոլորտի խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 2.358 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.016 մլրդ դրամի համեմատ. հարկային վճարումների ծավալը նվազել է մոտ 658 մլն դրամով (22%)։
Միաժամանակ, տվյալ ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կատարած հարկային վճարումներն ունեն ակնառու աճի դինամիկա։
Փոստային և սուրհանդակային ծառայությունների շուկայում ծառայություններ մատուցող ընկերություններից Onex-ը 2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել շուրջ 766 մլն դրամ հարկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 647 մլն դրամի համեմատ և ոլորտի մասնավոր ընկերությունների շրջանում վճարված հարկերով առաջատար է` մոտ 3 անգամ գերազանցելով 2-րդ ու 3-րդ տեղը զբաղեցնող ընկերությունների նույն ցուցանիշը։ Այսպիսով, Onex-ի հարկային վճարներն աճել են շուրջ 119 մլն դրամով կամ շուրջ 18%-ով։
Մասնավոր սեգմենտի աճի միտումը նկատելի է նաև այլ ընկերությունների ցուցանիշներում։ Այսպես, Globbing-ը 2026 թվականի առաջին կիսամյակում վճարել է շուրջ 255 մլն դրամ հարկ՝ նախորդ տարվա 229 մլն դրամի համեմատ գրանցելով 11% աճ։
Onex-ի և Globbing-ի ցուցանիշներն ուշագրավ են այն համատեքստում, որ նույն ժամանակահատվածում ոլորտի ընդհանուր հարկային մուտքերը նվազել են։ Այսինքն՝ շուկայի ընդհանուր անկման պայմաններում տվյալ ընկերությունները ավելացրել են պետական բյուջե վճարվող հարկերի ծավալը։
Միաժամանակ, շուկայում նկատելի փոփոխություն է FedEx-ի՝ («Տրանսիմպեքս») հայտնվելը 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 2026 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է մոտ 271 մլն դրամ հարկ։
Ինչ վերաբերում է ոլորտի խոշորագույն հարկատու «Հայփոստ»-ին, վերջինս 2026 թվականի առաջին կիսամյակում վճարել է 1.067 մլրդ դրամ հարկ, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2.140 մլրդ դրամ։
Այսպիսով, 2026 թվականի առաջին կիսամյակի հարկային տվյալները ցույց են տալիս հետաքրքիր պատկեր․ նշյալ ոլորտի խոշոր խաղացողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալը նվազել է, սակայն մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների մոտ շարունակում է պահպանվել աճի միտումը։
