Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները․ ՌԴ փոխարտգործնախարար

Եվրոպական միությունը փորձում է անիրականանալի խոստումներով պառակտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, «Իզվեստիա»-ի հետ զրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Եվրամիությունն իսկապես տարբեր հարթակներում ջանքեր է գործադրում մեզ պառակտելու, միմյանցից հեռացնելու համար։ Դա փաստ է», – ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ մասնավորապես ԵՄ ներկայացուցիչներն այցելում են առանձին երկրներ և մասնակցում խմբակային հանդիպումների, որտեղ անիրականանալի խոստումներ են տալիս։

«Եվ, թերևս, հենց այդ բոլոր խոստումներն էլ ուղղված են մեր փոխգործակցությունը խաթարելուն», – հավելել է Պանկինը։

ՌԴ պաշտոնյայի հայտարարությունը հնչել է ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարության շուրջ քննարկումների ֆոնին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-ին  Չոլպոն-Ատայում (Ղրղզստան) ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ այս փուլում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը գործնական իմաստ չունի։ Այս մասին նա հայտարարել էր՝ անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների՝ ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու կոչին։

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ ԵԱՏՄ երկրների հարաբերությունների զարգացումը երրորդ պետությունների ու միավորումների հետ չպետք է ընկալվի որպես «զրոյական գումարով խաղ», որտեղ որոշ կապերի ամրապնդումը պարտադիր տեղի է ունենում մյուսների հաշվին։

Leave a Comment