Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանը դեռևս չի որոշել ԱՄՆ-ի հովանու ներքո Իսրայելի հետ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և իսրայելական կողմից սպասում է Բեյրութի պահանջների ճանաչմանը։ Այդ մասին հայտնել է Al Araby հեռուստաալիքը՝ հղում անելով լիբանանյան պաշտոնական աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք շտապում որոշել Իսրայելի հետ հաջորդ բանակցությունների ամսաթիվը, քանի դեռ իսրայելական կողմը չի ճանաչել մեր պահանջները»,- նշել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ լիբանանյան կողմի պահանջները ներառում են երկրի հարավում այսպես կոչված պիլոտային գոտիների ընդլայնումը, որտեղից դուրս են բերվելու իսրայելական ուժերը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների դադարեցումը։

Նախօրեին դիվանագիտական ​​աղբյուրը Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել էր, որ մոտ ապագայում լիբանանյան և իսրայելական պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլ անցկացնելու պլաններ չկան։

Նրա խոսքով՝ եթե բանակցությունների նոր փուլն էլ կայանա, ապա, ամենայն հավանականությամբ, ամառվանից հետո։ Աղբյուրը նաև բացառել է այս փուլում երկրների միջև ուղղակի բանակցությունների անցկացման հնարավորությունը։ ԱՄՆ-ի հովանու ներքո երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցությունների յոթերորդ փուլը տեղի է ունեցել Հռոմում օգոստոսի 4-6-ը։

Հունիսի 26-ին Լիբանանը և Իսրայելը շրջանակային համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի հովանու ներքո Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների հինգ փուլից հետո։ Դրան համապատասխան՝ լիբանանյան զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ։ Պայմանավորվածությունները նախատեսում են պիլոտային գոտիների ստեղծում, որտեղից կտեղահանվեն իսրայելական զորքերը։ 



Leave a Comment