Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, լրագրողներին հայտնել է բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը։
«Պատասխանատու բան եմ ասում, բայց կարծում եմ՝ կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել է բժիշկը։
Նրա խոսքով՝ նորածնին բժշկական կենտրոն են տեղափոխել օգոստոսի 10-ի երեկոյան՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Բժշկի փոխանցմամբ՝ երեխայի վիճակը գնահատվել էր ծանր, ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան։
«Այդ ջերմաստիճանը կրիտիկական է նորածինների, հատկապես՝ նոր ծնվածների համար»,- ասել է բժիշկը։
Նա պարզաբանել է, որ նման վիճակում երեխային չի կարելի միանգամից տաքացնել։ Բժիշկները նրա մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացրել են, և այժմ այն նորմայի սահմաններում է՝ 36,7 աստիճան։
Նորածնի մոտ առկա է նաև շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նրան շնչառական աջակցություն է տրամադրվում CPAP սարքի միջոցով։ Բժշկի խոսքով՝ երեխան ինքնուրույն է շնչում, իսկ սարքն օգնում է թոքերում պահպանել անհրաժեշտ դրական ճնշումը։ Նախնական գնահատմամբ՝ շնչառական աջակցության անհրաժեշտությունը կարող է պահպանվել մի քանի օր։
Բժիշկների հաշվարկով՝ երեխան ծնվել է հղիության մոտ 36-րդ շաբաթում և փոքր-ինչ վաղաժամ է։ Նրա քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Զարգացման արատներ կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Բժիշկը նշել է, որ պորտալարի վիճակից դատելով՝ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հայտնաբերվելուց մոտ 3-6 ժամ առաջ։ Նրա խոսքով՝ կարելի է վստահորեն ասել, որ նորածինը բուժհաստատությունում չի ծնվել։
Նա նշել է, որ նորածնի ծնողներն այս պահին հայտնի չեն։ Բժշկական կենտրոն արդեն այցելել են սոցիալական ծառայության ներկայացուցիչները և կազմել երեխայի հայտնաբերման վերաբերյալ համապատասխան ակտ։ Բժշկի խոսքով՝ բուժումն ավարտելուց հետո նորածինը կտեղափոխվի մանկատուն։ Եթե բարդություններ չառաջանան, բուժումը կարող է տևել շուրջ 22 օր։
Օգոստոսի 10-ին Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ շորի մեջ փաթաթված։ Երեխային տեղափոխել էին հիվանդանոց։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նորածինը աղջիկ է, հայտնաբերվել է շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նրան առաջինը նկատել է քաղաքացին և ահազանգել շտապօգնություն։
