Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Այդ մասին հայտնում են սիրիական SANA գործակալությունը և France24-ը։
Նման պատժի է դատապարտվել նաև Ասադի զարմիկ, սիրիական բանակի նախկին բրիգադի գեներալ Աթեֆ Նաջիբը, որին մեղադրում էին Դառաայի նահանգում բողոքի ակցիաները ճնշելու մեջ: Նա ձերբակալվել էր 2025 թվականի հունվարին։
Բացի այդ, մահապատժի են դատապարտվել նաև Ասադի 7 զինակիցները։ Ինչպես Սիրիայի նախկին նախագահը, այնպես էլ նրա զինակիցները դատապարտվել են հեռակա կարգով՝ դիտավորյալ սպանության, ինչպես նաև մահվան պատճառ դարձած խոշտանգումների համար։
2000 թվականից Սիրիան կառավարող Բաշար Ասադի իշխանությունը տապալվեց 2024 թվականի դեկտեմբերին։ Ինքը՝ Ասադը, ընտանիքի և եղբոր՝ Մահերի հետ միասին փախավ Ռուսաստան։ The Guardian-ը գրել էր, որ Ասադի ընտանիքը շքեղ կյանք է վարում Մոսկվայում, սակայն նախկին նախագահը մեկուսացման մեջ է. նրան թույլ չեն տալիս շփվել սիրիական կամ ռուսական վերնախավի հետ։
Լուսանկարը՝ Սիրիայի նախագահի մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter