Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել են մի շարք զովացուցիչ ըմպելիքների արտադրական գործունեությունները։ Մասնավորապես՝
1. Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գ․ Քուչակ, ապրանքանիշը՝ «Քուչակի Լուսաղբյուր») արտադրական գործունեությունը:
«Սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, որ հայտնաբերվել են այս արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Այսպես՝
- արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրամասի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
- հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղը և վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում խոնավության խտացմանը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույքը՝ գործիքները, պարագաները և բեռնարկղերը, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում,
- մակնշվածքում նշված չէ արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» գրառումը։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցն ու արտադրանքը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սահմանվել է կատարման ժամկետ»,- նշվում է ՍԱՏՄ-ի հաղորդագրությունում։
2. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել նաև անհատ ձեռնարկատեր Արփինե Իսախանյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, ապրանքանիշը՝ «Բուրջուա»):
«Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Ի մասնավորի՝
- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
- արտադրամասի հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ»,- նշվում է հաղորդագրությունում։
3. Անհատ ձեռնարկատեր Սամվել Մայիլյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Նավուր բնակավայր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ինչը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում է:
«Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
4. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Արտակ Քարամյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ):
Այս կազմակերպությունում առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. Այսպես՝
- արտադրամասի պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները կամ այլ կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
- դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել չներծծող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter