Թևանյանի և Մանուկյանի պաշտպանները հերքել են ՔԿ ներկայացուցչի պնդումները

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի և «Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը հերքել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի՝ նրանց վերաբերյալ օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած պնդումները, նշված է պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

Պաշտպանական թիմի հայտարարության համաձայն՝ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Թևանյանը 622 հազար ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, իսկ այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Մանուկյանը։

Պաշտպանների պնդմամբ՝ նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում չկան, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ առկա չեն։ Նրանք հայտարարել են, որ ամբողջությամբ հերքում են ՔԿ ներկայացուցչի նշած տեղեկությունները։

Պաշտպանական թիմը նաև նշել է, որ նման տեղեկությունները որպես հաստատված փաստ հրապարակայնորեն ներկայացնելը կարող է կանխակալ վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում։ Նրանք Քննչական կոմիտեին կոչ են արել հարգել անմեղության կանխավարկածը և չներկայացնել որպես հաստատված փաստ տեղեկություններ, որոնք, իրենց գնահատմամբ, չեն համապատասխանում մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին։

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, իսկ մայիսի 23-ին Թևանյանը ձեռրբակալվել էր։ 

Թևանյանի գործով անցնում է նաև Մանուկյանը։ Հուլիսի 9-ին նա երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով, իսկ հուլիսի 20-ին նրա պաշտպանները բողոքարկել էին կալանքի որոշումը։

Leave a Comment