ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել. Խանդանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

11 Օգոստոսի, 2026

Առաջիկա ամիսներին Հայաստանում չի կարող անցկացվել հանրաքվե մի հարցի շուրջ, որը երկրում չի քննարկվել։ Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հանրաքվեի մասին խոսակցությունները։

«Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, և առաջիկա ամիսներին մեր մասնակցությունը կշարունակվի թե՛ քաղաքական հարթությունում, թե՛ ֆինանսական միջոցների ծավալի առումով։ Հայաստանի անդամակցությունը բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների շահերից»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ Խանդանյանը պարզաբանեց, որ Եվրամիության հետ մերձեցման գործընթացը ներքին բնույթ է կրում։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային՝ պատգամավորը նշեց, որ չի տեսնում ակտիվ աշխատանքի վերադառնալու հիմքեր. «Չեմ կարծում, որ կա պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»։

Խոսելով Վերին Լարսում ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների մասին՝ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ դրանք քաղաքական բնույթ չեն կրում, և հավաստիացրել է, որ Կառավարությունը գործընկերների հետ աշխատում է բիզնեսի կորուստները նվազեցնելու ուղղությամբ։

Leave a Comment