ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը

Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա նշել է, որ սա իր համար մեծ պատիվ է և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն, քանի որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ էության, խորհրդարանի ամենածանրաբեռնված հանձնաժողովն է։ «Գրեթե բոլոր հիմնարար օրենքները քննարկվում են հենց այս հանձնաժողովում, և կարելի է ասել, որ այս հանձնաժողովն Ազգային ժողովի շարժիչ ուժն է»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովը պարզապես օրենքների նախագծեր քննարկող մարմին չէ․ այն հարթակ է, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծվում այն իրավական երաշխիքները, որոնց վրա կառուցվում է քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ։

Ներկայացնելով հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները՝ թեկնածուն խոսել է հանձնաժողովի գլխավոր առաքելության մասին։ Նա նշել է, որ պատգամավորների քվեին արժանանալու դեպքում աշխատելու է կառուցողական համագործակցություն ապահովելու ուղղությամբ:

Արուսյակ Ջուլհակյանը վստահություն է հայտնել, որ բավարար քաղաքական կամքի դրսևորման դեպքում միասին կարող են ապահովել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Թեկնածուն պատասխանում է պատգամավորների հարցերին:

Leave a Comment