Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձն օգտագործել է իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը։ 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 դրամ:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնները զբաղեցրած անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ ծառայողի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքը արձանագրելու կապակցությամբ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ պետերի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը՝ 9.051.470 դրամն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment