Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել և կալանավորել է տղամարդու՝ 64-ամյա պոլսահայ Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի սպանության կասկածանքով։ Քննության տվյալներով՝ սպանության պատճառը վարձավճարի շուրջ ծագած վեճն է, հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դեղիրմենջիօղլուի դին հայտնաբերվել է Բեյօղլու թաղամասի բնակելի շենքերից մեկում, երբ 45-ամյա Մեհմեթ Շ․ Թ․-ն ոստիկանություն է ահազանգել շենքում տարածված վատ հոտի մասին։
Զննության ընթացքում զոհի պարանոցի հատվածում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։
Սկզբում Մեհմեթ Շ․ Թ․-ն պնդել է, թե տղամարդուն անշնչացած է գտել, սակայն քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և ձերբակալել նրան։
Ավելի ուշ կասկածյալը խոստովանել է սպանությունը։ Նրա խոսքով՝ իր և Դեղիրմենջիօղլուի միջև վարձավճարի հետ կապված վեճ է ծագել, որի ընթացքում, ինչպես պնդում է, ինքը ծանր վիրավորանքների է ենթարկվել, ինչից հետո դանակահարել և սպանել է տղամարդուն։
Քննչական գործողություններից հետո դատարանը կալանավորել է կասկածյալին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը պատմել է, որ երկար տարիներ ճանաչել է Դեղիրմենջիօղլուին և նրան բնութագրել որպես խաղաղ ու բարեկամական մարդ։ Նրա խոսքով՝ սպանությունը տեղի է ունեցել ոչ թե բնակարանում, այլ շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում։ Քըլըչի խոսքով՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց է միայն ոստիկանություն ահազանգել՝ հայտնելով շենքում տարածված վատ հոտի մասին։
