Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման հարցը ՀԱՊԿ-ում կարող է քննարկվել կազմակերպության՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ նման որոշումները գտնվում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները, և ընդունվում են կազմակերպության կանոնադրության, մասնավորապես՝ 20-րդ և 25-րդ հոդվածների դրույթների հիման վրա։
Դիվանագետը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պարտադիր է կազմակերպության բոլոր անդամների համար, այդ թվում՝ կառույցի մարմինների գործունեության ֆինանսավորման մասով։ Նրա խոսքով՝ Երևանի՝ նիստերին չմասնակցելը և բյուջեի վերաբերյալ որոշումները չստորագրելը Հայաստանին չեն ազատում անդամավճարը վճարելու պարտավորությունից։
«Ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքից ելնելով՝ յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունում նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, և ՀԱՊԿ-ն այս առումով բացառություն չէ», — հավելել է Գալուզինը։